ՀԱՊԿ-ում մենք չենք ձախողել, հաջողել ենք. Փաշինյան

ՀՀ վարչապետի գնահատմամբ` այսօր Հայաստանին ՀԱՊԿ–ում ավելի են հարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀԱՊԿ-ում մենք չենք ձախողել, հաջողել ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀԱՊԿ-ում այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը, և մեր նկատմամբ, թույլ տվեք ասել` հարգանքը մեծացել է»,- ասաց Փաշինյանը:

Ի՞նչն է ստիպել Նիկոլ Փաշինյանին հարգել ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի տնօրինման հարցում Հայաստանի ունեցած խնդրին` Փաշինյանն ասաց. «Այդ ժամանակավոր պաշտոնում մենք մի ամիս ավելի կմնայինք, թե պակաս, ինձ համար էական նշանակություն չունի: Դա էլ է գնահատման չափանիշ, և ես չեմ կարող որևէ մեկին արգելել, որ դա ընդունի որպես չափանիշ: Բայց ինձ համար գնահատման չափանիշները բոլորովին այլ են»,- ասաց նա:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել։ Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։

Հայաստանը պնդում էր, որ այդ պաշտոնում պետք է իր ներկայացուցիչը լինի մինչև 2020 թվականը։ Միևնույն ժամանակ Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին կատարում է Վալերի Սեմերիկովը։