ԵՐԵՎԱՆ, 28 Մարտ — Sputnik. Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: Այս մասին ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացրեցին Sputnik Արմենիային։
Ֆիննախից տեղեկացնում են նաև, որ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվել էին որոշ մտահոգություններ և անհամաձայնություններ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում:
«Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծից»,–նշում են գերատեսչությունիից:
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ակցիզային հարկով հարկել 100 գրամ ծավալում 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Հետո, սակայն այդ դրույթը հանվեց, փոխարենը նախատեսվում էր հարկել բոլոր գազավորված ըմպելիքները` բացառությամբ հանքային ջրերի: Դա առաջացրել էր գազավորված ըմպելիքներ արտադրող որոշ տնտեսվարողների դժգոհություն, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն էին արտահայտել կառավարության շենքի դիմաց: