Եկեք փակենք մեր բոլոր սահմաններն ու կարտոֆիլ ուտենք. Փաշինյան

ՀՀ վարչապետն Ազգային ժողովում խոսեց Իրան–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մասին` վստահեցնելով, որ փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը ձեռնտու է Հայաստանին։ Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մտավախությանը, թե Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի հետևանքով Իրանից Հայաստան կարող է ներկրվել էժան գյուղմթերք, որը բացասաբար կազդի տեղական արտադրանքի իրացման վրա:

Իրանից ներկրվող որոշ ապրանքներ կէժանանան. ԱԺ-ն քննարկում է ազատ առևտրի համաձայնագիրը

«Պայմանագիրը ձեռնտու է Հայաստանին և բխում է Հայաստանի շահերից։ Ապրանքները ոչ միայն Իրանից կարող են ներկրվել Հայաստան, այլև Հայաստանից Իրան: Եվ հետաքրքիրն այն է, որ 3 մլն-անոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 70 մլն-անոց շուկայի հետ, բայց մեզ մոտ առաջին ռեակցիան այն է, թե կարող է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու մեզ մոտ կարտոֆիլի գինն էժանանա»,- ասաց վարչապետը` նշելով, որ Հայաստանը 150 000 տոննա կարտոֆիլի արտահանման պոտենցիալ ունի, բայց չի օգտագործում:

Փաշինյանը պատգամավորներին հիշեցրեց, որ նրանք երեկ իրենց քվեարկությամբ վավերացրել են այդ համաձայնագիրը` նշելով, որ պայմանագրի վավերացմանը միայն մեկ պատգամավոր է դեմ քվեարկել: Փաշինյանին հարց ուղղած «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը խոստովանեց, որ դա եղել է ինքը: Ի պատասխան Փաշինյանն առաջարկեց. «Եկեք փակենք մեր բոլոր սահմանները և այնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի բոլոր ներքին պաշարները»:

Իրանից գազի տարանցումը Հայաստանին «երկրորդ շնչառություն» կտա. Իսկանդարյան

ՀՀ ազգային ժողովը երեկ` մարտի 27-ին, 1 դեմ ձայնով վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը»: Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018 մայիսի 17-ին, ԵԱՏՄ Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում: Փաստաթուղթը համարվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլը և կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Բացի Հայաստանից համաձայնագիրն արդեն վավերացրել են ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Իրանը ևս համաձայնագիրը դեռ չի վավերացրել: