ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «ՀՀ–ի համար պիտի առաջնային լինի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը»

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Փաշինյան–Ալիևի հանդիպման մասին։
Sputnik
Բաղդասարյան. «ՀՀ–ի համար պիտի առաջնային լինի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը»

Բաղդասարյանի կարծիքով` Վիեննայում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգում Հայաստանի համար պետք է առաջնային լինի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը։

Խոսքն, ըստ քաղաքական մեկնաբանի, բանակցային եռակողմ ձևաչափը վերականգնելու մասին է, այլ ոչ թե նոր ձևաչափ ստեղծելու։

«Առանց Արցախի որևէ բանակցություն արդյունավետ լինել չի կարող, և դա հասկանում են բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-վստահեցնում է Բաղդասարյանը։

Իսկ ինչ վերաբերում է բանակցություններից առաջ սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին, Բաղդասարյանի խոսքով, Հայաստանը պետք է ցույց տա իր վճռականությունն ու չտրվի այդ սադրանքներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կլինի Ավստրիայում։ Մարտի 29-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում նախանշված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: