ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Դանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է սերտորեն համագործակցել կիբեռսպորտի ֆեդերացիայի հետ և զորքերում ներգրավել գեյմերներին։ Այս մասին հայտնում է The Local–ը։
Դանիայի ՊՆ–ի կադրերի բաժնի պետ Անդերս Բեքը հայտնել է, որ նախարարությունը պատրաստ է նմանատիպ քայլի, քանի որ փորձարկումներից հետո պարզ է դարձել, որ գեյմերներն օժտված են բանակին շատ անհրաժեշտ ունակություններով։
Զինվորականները պարզել են, որ շութերների սիրահարները կարողանում են ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվել, ճնշման տակ չեն կորցնում ինքնակառավարումը և կարողանում են աշխատել թիմում։
Բանակայիններն այս հատկանիշներով չեն բավարարվում։ Այս նախագծին մասնակցելու ցանկություն ունեցող գեյմերները ստիպված կլինեն նաև լրացուցիչ թեստեր անցնել։
Բեքը հայտնել է, որ իրենց դիմած 20–40 հոգուց ընտրում են մեկին։
Դանիայի պաշտպանության նախարարությունը փորձարկումներն անցկացրել է Astralis կիբեռսպորտային կազմակերպության թիմի հետ։