ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանի սպառողների համար գազի գնի վերանայման հարց 2019թ–ին չի քննարկվի։ Այսօր ԱԺ–ում, պատասխպանելով պատգամավորների հարցերին, այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այդուհանդերձ, նա հիշեցրեց, որ գազի գնի հարցը մշտապես բանակցային պրոցեսում գտնվող խնդիր է, որն առաջիկայում դարձյալ հայտնվելու է երկու երկրների կառավարությունների օրակարգում։
Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությանն այն մասին, որ սահմանին գնի բարձրացման և «Գազպրոմ Արմենիայի» ենթակառուցվածքների պահպանման չափազանց բարձր ծախսերի պայմաններում ընկերությունը ֆինանսական դժվարություններ է ունենում, Գրիգորյանը հայտարարեց, որ այս դեպքում ֆինանսական ճեղքվածքը վերաբերում է «Գազպրոմի» ու նրա դուստր ձեռնարկության` «Գազպրոմ Արմենիայի» հարաբերություններին։
«Իհարկե, ցանկալի չէ, որ այդ ֆինանսական ճեղքը գոյանա, որովհետև «Գազպրոմ Արմենիան» այնուամենայնիվ մեր գործընկերն է ու մեր տնտեսվարողը։ Բայց եթե նույնիսկ առաջանա, մենք կարծում ենք, որ ճիշտ կառավարման ու մարժայի հաշվին հնարավոր է լուծումներ գտնել»,– ասաց փոխվարչապետը։
Նրա խոսքով` սակայն կա գլոբալ պայմանավարվածություն, առ այն, որ 2019թ–ին այդ հարցն այսպես թե այնպես չի վերաբերելու։
Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։