Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. մեղադրյալը ներկայացել է

Հետախուզվող երիտասարդը ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն այսօր տեղեկատվություն էր հրապարակել, որ մարտի 19-ին տեղի ունեցած սպանության որոշ հանգամանքներ են պարզ դարձել։

Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ աշխատանքով բացահայտել են դեպքի մի շարք մանրամասներ, որոնց հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում է կայացրել Սարի թաղում ապրող Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ:

Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս ընթացքում պարզվել է նաև, որ հետախուզվողը նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին ևս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ քիչ առաջ հետախուզվող երիտասարդը ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։