Գայանե Սահակյանի խոսքով` կարմրուկի տարածման առումով հանրապետությունում վիճակը կայուն է։
«Ունենք անհանգստացնող իրավիճակ, քանի որ հատկապես վերջին 4 տարիների ընթացքում պատվաստումների ցուցանիշը նվազում է, այդ թվում` կարմրուկի։ Եթե 4 տարի առաջ խոսում էինք 98 տոկոսի մասին, ապա երեխաների պլանային պատվաստումների ցուցանիշը նվազել է, և այժմ 95 տոկոսի սահմանում ենք»,– նշեց Սահակյանը։
Մասնագետի գնահատմամբ` եթե այս միտումները շարունակվեն տարիների ընթացքում, ապա կունենանք չպատվաստված բնակչության մի հոծ զանգված, ինչն էլ հենց կարող է դառնալ նպաստավոր միջավայրը` վիրուսի շրջանառության համար։
«Այսպես շարունակվելու դեպքում առաջիկա 2 տարվա ընթացքում կունենաք այնպիսի վիճակ, ինչպիսի վիճակ այժմ Վրաստանում և Ուկրաինայում է»,– ասաց Սահակյանը։
Կարմրուկի արձանագրված դեպքից 21 օր հետո նոր միայն պարզ կդառնա` կարմրուկի բռնկում կլինի, թե ոչ։
Նշենք, որ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 4–րդ դեպքը։ Վարակը հաստատվել է օտարերկրյա քաղաքացու մոտ, որը Հայաստան էր եկել Ուկրաինայից։