Ռազմարդյունաբերության համար փող կա, գաղափարներ` ոչ. Փաշինյան

Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում ունի որոշ հաջողություններ` մշակումների տեսքով, որոնք կարող են դառնալ լուրջ արտադրության հիմք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում ռազմական արդյունաբերության համար փող կա, գաղափարներ` ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ինչպես է պետբյուջեն այս տարի աճելու 40 մլն դրամով. բացատրում է Նիկոլ Փաշինյանը

«Ռազմական արդյունաբերության համալիրն այն ոլորտներից է, որտեղ հետազոտական աշխատանքներին հատկացրած գումարները շատ դժվարությամբ են ծախսվում կամ չեն ծախսվում, որովհետև պարզվում է, որ այդ գումարը ծախսելու համար առաջին հերթին պետք են որոշակի ենթակառուցվածքներ և մասնագիտական կարողություններ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, այդ ոլորտում, նրա խոսքով, այսօր Հայաստանն ունի որոշ հաջողություններ` մշակումների տեսքով, որոնք կարող են դառնալ լուրջ արտադրության հիմք:

Բայց դրա համար նախ պետք է նշված մշակումների փորձաքննություն անցկացնել ու համոզվել դրանց մարտունակության մեջ:

«Բայց այնպիսի հաջողությունները, որոնց մասին ես կկարողանամ մեծ գոհունակությամբ արտահայտվել այս ամբիոնից, մենք չունենք»,- ասաց նա` հավելելով, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններ կատարելու հիմքում հենց ռազմարդյունաբերության համալիրի տրամաբանությունը փոխելն է:

«Մենք պետք է մեր սեփականը ստեղծենք, որովհետև մինչև մենք ստեղծում ենք մի բան, որ արդեն գոյություն ունի, մեկ ուրիշն արդեն դա ստեղծում ու անցնում է առաջ»,- ասաց Փաշինյանը:

Այս ուղղությունը, Փաշինյանի դիտարկմամբ, Հայաստանի համար ռազմավարական ուղղություն է, որի զարգացման համար կառավարության ղեկավարը խոստանում է անել ամեն ինչ: