ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր երկու տեղակալների ազատումը։
Ավելի վաղ աշխատանքից ազատվել էին արդարադատության երկու փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանը։
«Նախարարի տեղակալի պաշտոնները քաղաքական պաշտոններ են և նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է, սա մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքն է», – ասաց Զեյնալյանը։
Նրա խոսքով` սա ընդհանուր որոշման արդյունք է, բայց օրենքով նախարարն է ներկայացնում առաջարկությունը, վարչապետն այն ընդունում կամ չի ընդունում։
Նա նշեց, որ գոհ է ու բարձր է գնահատում իր տեղակալների աշխատանքը, իսկ թե ում կառաջադրեն նախարարի տեղակալների պաշտոնում, կորոշվի ապագայում։
Սուրեն Քրմոյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ էր։ Արթուր Հովհաննիսյան` անկուսակցական։