ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց տան ապրանքը վարկով է գնել: Այսօր նա այդ մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից` անդրադառնալով Հայաստանում լայն տարածքում ստացած սպառողական վարկերի խնդրին:
«Մեր տանը ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսը ընդամենը 6000 դրամ վճարելով ձեռք ես բերում լվացքի մեքենա: Ինչու միանգամից 300 000 դրամ վճարես, եթե կարող ես ամիսը 6000 դրամ վճարելով լվացքի մեքենա գնել,- ասաց վարչապետն ու ավելացրեց, –եթե չեմ սխալվում մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք գնել»:
Վարչապետի անկեղծությամբ վարակված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր սպառողական փորձից մի դրվագ պատմեց:
«Այդ նույն տրամաբանությամբ ես այն օրը գնացի, որ հեռուստացույց վերցնեմ, այն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշիվներին»,- ասաց նա:
Այս պատմությունն ԱԺ դահլիճում ծիծաղ ու իրարանցում առաջացրեց:
Վարչապետն էլ կանխատեսեց, որ այն քաղաքական ինտրիգի մասին նոր ենթադրության հիմք է դառնալու: «Վաղը կասեն, որ Զեյնալյանն է ասել, որ ձեր հաշիվների վրա կալանք դնեն»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։