«Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի նոր մոդել է առաջարկում

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է կառավարության մի այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 3 փոխվարչապետ, 14 նախարարություն ու վարչապետին առընթեր ոչ մի մարմին. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի սեփական տարբերակն է առաջարկում: Այս մասին խմբակցության անդամներն այսօր հայտարարեցին այս թեմայով հրավիրված ասուլիսում: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց առաջարկած օրենքի նախագիծն այսօր արդեն ներկայացրել են կառավարությանը:

Փաշինյանը խոսել է ապագա կառավարության կառուցվածքի մասին

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի իր տարբերակով ԼՀԿ-ն առաջարկում է ունենալ 3 փոխվարչապետ, որոնցից մեկը կզբաղվի բացառապես սփյուռքի հարցերով և կլինի վարչապետի հանձնակատարը այդ ոլորտում: Առաջարկվում է նաև ոստիկանությունն ու ԱԻՆ-ը ներառել մեկ` ներքին գործերի նախարարության կազմում, ԱԱԾ-ն դարձնել նախարարություն` դրանից առանձնացնելով քննչական մարմինն ու ներառելով Քննչական կոմիտեի կազմում: Նույնն է նաև ՊԵԿ-ի պարագայում, որն առաջարկվում է ընդգրկել Ֆինանսների նախարարության կազմում:

Մարուքյանը հիշեցրեց, որ այս փոփոխությունը ժամանակին առաջարկվել էր, բայց ՊԵԿ–ի և ԱԱԾ–ի այն ժամանակվա ղեկավարների միջնորդությամբ քննչական գործառույթը նրանց կառույցներից չվերացվեց:

«Ղեկավարը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ, ասել է` եթե քննչականը հանեք, հարկերը չեմ հավաքի, և դա մնացել է: Բայց բոլորին հարցրեք, կասեն` դա մուրճ է ՊԵԿ-ի ձեռքում»,- ասաց նա:

Քաղաքացու օ՞ր, տարի՞, թե՞ դարաշրջան. գուցե դեկտեմբերի 9-ն էլ «Ընտրողի՞ օր» հռչակվի

Ըստ ԼՀԿ–ի առաջարկած տարբերակի` կառավարության կազմում նույնությամբ պահպանվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արտգործնախարարության, Գյուղատնտեսության, Մշակույթի, Պաշտպանության, Ֆինանսների նախարարությունները, Արդարադատության նախարարությունը վերանվանվում է իրավական հարցերի նախարարության, Տարածքայինը` ենթակառուցվածքների և տարածքային զարգացման, ԿԳՆ-ն միանում է սպորտի և երիտասարդության նախարարությանը` վերանվանվելով Կրթության, գիտության և սպորտի նախարարության: Վերանվանվում են նաև շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունն ու տնտեսական զարգացման և նորարարությունների նախարարությունը: Նախարարություններին ու վարչապետի առընթեր բոլոր մարմինները ներառելով նախարարությունների կազմում` ԼՀԿ-ն փորձում է լուծել դրանց գործունեության համար պատասխանատու անձի հստակեցման ու նրա հաշվետվողականության խնդիրը:

«Այս համակարգն ամբողջությամբ խորհրդարանական կառավարման տիրույթում է: Այստեղ չկա մարմին, որը դուրս է մնում խորհրդարանական կառավարման տիրույթից»,- ասաց Մարուքյանը:

Արշակյանը պատմեց, թե ինչով կզբաղվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած ու արդեն իսկ գործադիր մարմնի հավանությանն արժանացած նախագծին` Մարուքյանը նշեց, որ այն ավելի շատ տեխնիկական բնույթի է և ուղղված է բացառապես պետական ապարատի կրճատմանը: Իրենց նախագիծն ուղղված է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ու խորհրդարանական վերահսկողության սահմանադրական մոդելի իրականացմանը:

«Մենք առաջարկում ենք կառավարության մի այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը ներառված են կառավարության հիմնական կազմում, բոլորի համար կան պատասխանատու պաշտոնյաներ, որով լուծում է խորհրդարանական վերահսկողության ու խորհրդարանական երկիր լինելու խնդիրը, որովհետև մենք խորհրդարանական երկիր հայտարարել ենք, բայց այդպես էլ չենք դարձել»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք` գործադիրը մարտի 7-ի նիստում հաստատեց կառավարության կառուցվածքի մասին օրինագծերում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի` կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Ըստ նախագծի՝ 17 նախարարությունները կրճատվում են և դառնում են 12–ը: