Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ալիևի հետ հանդիպմանը. Փաշինյանը ներկայացրեց ձևաչափը

Փաշինյանը հավաստիացնում է` բանակցային ֆորմատի փոփոխություն չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Դեռ Թեհրանում եմ հայտարարել, որ համաձայն եմ Վիեննայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ազգային ժողովում, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե առաջիկայում կայանալիք Փաշինյան–Ալիև հանդիպման համար կա՞ հստակ օրակարգ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին

«Ես Ադրբեջանի նախագահի հետ զրույցում էլ ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները պետք է օրակարգ չունենան, այլ պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ` կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց նաև, որ այն, ինչ հայտարարել է Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, ըստ էության, այն օրակարգն է, որով գնում ենք բանակցությունների, և որի վրա մենք հենվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացի ժամանակ։

Զոհրաբյանի նկատառմանը, թե այսինքն` Արցախը որպես բանակցային կողմ ներգրավվելու մտքե՞ր էլ կփոխանակվեն` Փաշինյանը դրական պատասխանեց։ «Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ իմ ելույթի առաջին դրույթը հենց դա է։ Դրա հետ կապված կան տարբեր մեկնաբանություններ` Հայաստանում և ՀՀ–ից դուրս. ասում են` սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է։ Սակայն սա չի կարող բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ լինել, քանի որ բանակցային ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է հաստատում»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ` Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: