Դուռ փակող ռեկտոր, կոկորդիլոսը թռչնից չտարբերող մարզպետ. Փաշինյանը պատասխանեց Պետրոսյանին

ՀՀ վարչապետը դուռ փակող ռեկտորների թեմային անդրադարձավ խորհրդարանում` նշելով, որ բուհերը տարիներ շարունակ եղել են իշխանության բութ գործիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և ԵՊՀ դռները պետք է բաց մնան: Այսօր ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ուսանողների վրա դռներ փակող ռեկտորի մասին իր աղմկահարույց հայտարարությանը վերաբերող հարցին:

«Այո, այն ռեկտորը, որը չափահաս մարդու առաջ փակում է դուռը, ասում` դու պիտի դուրս չգաս այս լսարանից, ինքը անելիք չունի ՀՀ-ում: Ոնց ուզում եք, գնահատեք` նուրբ է, կոշտ է, կոպիտ է, թե ոնց է, այդպես է»,- ասաց նա` այդ ռեկտորներին առաջարկելով իրերը հավաքել ու գնալ:

Այդուհանդերձ, վարչապետը վստահեցրեց, որ այդ գործընթացում կառավարությունն ապօրինի լծակներ չի կիրառի, քանի որ ունի օրինական լծակներ:

Հարցը վարչապետին ուղղած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, արձագանքելով Փաշինյանի պատասխանին, նշեց, որ եթե Հայաստանում տեղ չունի ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը, ապա պետք է տեղ չունենան նաև «պատգամավորը, որն ԱԺ ամբիոնից իր գրած տեքստը չի կարողանում կարդալ», «մարզպետը, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում», «Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, որը խախտում է էթիկայի վարքագծի կանոնները»:

Դուռ փակող ռեկտոր, կոկորդիլոսը թռչնից չտարբերող մարզպետ. Փաշինյանը պատասխանեց Պետրոսյանին

Ի պատասխան վարչապետն ասաց, որ ԲՀԿ պատգամավորներից էլ ոչ բոլորը կկարողանան Գևորգ Պետրոսյանի պահանջած չափանիշներով տեքստ կարդալ:

Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանի բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողություն. բուհերը տարիներ շարունակ եղել են իշխանության բութ գործիք։