Ինչպես է պետբյուջեն այս տարի աճելու 40 մլն դրամով. բացատրում է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետն Ազգային ժողովում խոսեց «ստվերը» հարկելու մասին, որը շատ կարևոր նախապայման ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 2019թ-ին պետական բյուջե հավաքագրվող գումարները 40 մլն դրամով աճելու են: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Արտագաղթի գումարները մեր քաղաքացիները ծախսում են Հայաստանում տնավորվելու վրա. Փաշինյան

Հավաքագրումները, ըստ Փաշինյանի, ավելանալու են ստվերի կրճատման ու տնտեսության ակտիվության ավելացման հաշվին:

«Միջազգային փորձագիտական կազմակերպությունների գնահատականներով` մեր երկրում 50 տոկոսի չափով ստվեր կա: Մենք պետք է գնանք այդ ստվերի հարկման ճանապարհով: Բայց ստվերի հարկման համար շատ կարևոր նախապայման կա` կոռուպցիայի բացակայությունը, որովհետև շատ դեպքերում այս ստվերային գումարները ոչ թե գործող անձանց մոտ են մնում, այլ դրանցով տարբեր կոռուպցիոն սխեմաներ են աշխատում»,- ասաց նա:

Վարչապետը վստահություն հայտնեց, որ կառավարությունը կարողանալու է հավաքել այդ ստվերային գումարները:

«Այս 10 ամսվա աշխատանքի արդյունքով ես վստահ եմ, որ մենք մեր ծրագրի բոլոր առաջնահերթությունները կատարելու ենք»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի` ռիսկերը կարող են կապված լինել բացառապես արտաքին գործոններով, որոնց դեմ դիմակայելու կարողություն կառավարությունը ևս ունի:

«Մենք չունենք փողի խնդիր, մենք ունենք գաղափարի խնդիր, գաղափարի իրագործելու կամքի խնդիր»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով`  բոլոր հարցերը լուծելի են ինտելեկտուալ մակարդակում։