Մոտեցումն ավանդական է, քիթն էլ՝ դե գիտեք, թե ումն է…

Քթի վերաբերյալ համաշխարհային գրականության էջերում գոնե ինձ հանդիպած ամենից սրամիտ մեկնաբանությունը թերևս Վիլյամ Սարոյանն է արել, իր հերոսներից Հոմեր Մաքոլիի միջոցով («Մարդկային կատակերգություն», «Ճառ մարդկային քթի մասին» գլուխը):
Sputnik

Ինչո՞ւ հիշեցի: Դե, թեկուզ այն պարզ պատճառով, որ քթի վիրահատության վերաբերյալ գովազդային վահանակի լուսանկարներն օգտատերերը Facebook-ի հայախոս հատվածի հիթն են դարձրել ու զանազան սրախոսություններով համեմել:

Փաշինյանը չի փակել լվացքի մեքենայի ապառիկը, իսկ ԱԺ նախագահին ապառիկ չեն տալիս

Իսկ այ, իր երկու տեղակալներին պաշտոնանկ անելու վերաբերյալ այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ասածները նման հաջողություն չունեցան: Միգուցե այն պատճառով, որ բոլորի ուշադրությունը գրավեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը առ այն, որ իրենց անձնական օգտագործման լվացքի մեքենան սպառողական վարկով են ձեռք բերել, արդեն մի չորս տարի է, ինչ այն մարում են, բայց դեռ մարելու տեղ կա:

Մինչդեռ, պարոն Զեյնալյանը խիստ ուշագրավ բան ասաց: Շատ ավելի կարևոր, քան կառավարության ղեկավարի՝ ապառիկով կենցաղային էլեկտրատեխնիկա ձեռք բերելու կամ խորհրդարանի խոսնակի՝ իրեն վարկ չտրամադրելու մասին ասածներն էին:

Հետաքրքրականն այն է, որ անդրադառնալով արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանին ու Արթուր Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին վարչապետի որոշմանը, Արտակ Զեյնալյանը բառացիորեն նշեց. «Նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է: Սա մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքն է»:

Ինչ-որ հաճախակի չեն դառնո՞ւմ «քաղաքական որոշումները»…

Ինչևէ:

Գուցե այդ ազատված փոխնախարարները վա՞տ էին աշխատում, թերացե՞լ էին, մասնագե՞տ չէին, կառավարությունը դժգո՞հ էր նրանց աշխատանքից:

Քաղաքական որոշում է. Արդարադատության նախարարը մեկնաբանել է իր տեղակալների ազատումը

Պարզվում է՝ ոչ: Համենայն դեպս, Արտակ Զեյնալյանն ասաց. «Մենք բավարարված ենք, շատ գոհ ենք, բարձր ենք գնահատում իրենց կատարած աշխատանքը, շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեին: Սա քաղաքական թիմի որոշում է, և քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:

Տողերիս հեղինակի համար, օրինակ, առանցքային նորությունն այս ամենի հետ կապված այն էր, որ նախարարի տեղակալների պաշտոնները համարվում են քաղաքական պաշտոններ: Գոնե մինչև վերջերս, որքան հայտնի էր, քաղաքական համարվում էր միայն նախարարի պաշտոնը: Իսկ նախարարի տեղակալների պաշտոնները, առհասարակ, համարվում էին, այսպես ասենք՝  պրոֆեսիոնալ պաշտոններ:

Ուղղակի որոշման տրամաբանությունն է հետաքրքիր:

Պարզվում է, տրամաբանությունն ընդամենը «քաղաքական թիմով աշխատելու» մեջ է, այլ ոչ թե՝ արհեստավարժության (պրոֆեսիոնալիզմի):

ԵՊՀ, ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետություն. էլ ի՞նչ ափ հանեց թավշյա ալեկոծությունը

Չէ, կարելի է, իհարկե, քաղաքական համարել ոչ միայն նախարարի տեղակալների, այլև գերատեսչության վարչության պետերի, մյուս ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններն էլ: Կարելի է անգամ հրապարակավ այդպես չհամարել, բայց «քաղաքական թիմի» որոշում ընդունել՝ «քաղաքական թիմով» աշխատելու մասին: Մե՞ր հասարակությունն է, որ պետք է նման մոտեցումներից զարմանա: Հասկանալի է նաև, որ նախարարները, սովորաբար «թիմով» են գալիս-գնում:

Բայց, «քաղաքական թիմի» որոշումը ընտրություններից մի երկու-երեք ամիս ա՞նց հասունացավ, թե՞ փոխարինող էին փնտրում: Բայց այդ դեպքում նախարարն ինչո՞ւ պատասխանեց, թե դեռ կորոշեն՝ ում կառաջադրեն նախարարի տեղակալ(ներ)ի պաշտոն(ներ)ում:

Ու ստացվում է, որ մոտեցումն «ավանդական» է, դե, իսկ քիթն էլ, արդեն ամբողջ համացանցը գիտի, թե ում գործն է: