Ականջակալին կփոխարինի ակնոցը. Huawei–ը նորույթ է ներկայացրել. տեսանյութ

Չինական ընկերությունը որոշել է հոգալ մարդկանց լսողության մասին և ականջակալների փոխարեն առաջարկում է «խելացի» ակնոց դնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Huawei ընկերությունը երեկ` մարտի 26–ին, Փարիզում ներկայացրել է Huawei X Gentle Monster Eyewear խելացի ակնոցների հավաքածուն։ Gentle Monster–ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ակնոցները նախատեսված են ականջակալները փոխարինելու համար։

Ընդամենը 17 րոպե, և սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորված է. տեսանյութ

Սարքի միջոցով հնարավոր կլինի խոսել հեռախոսով` առանց որևէ բան ականջում տեղադրելու։ Ակնոցի վրա չկան կոճակներ. զանգերին պատասխանելու համար հարկավոր է ընդամենը թակել ականջի պոչին։

Ակնոցի ալեհավաքը, կրկնակի միկրոֆոնը, չիպսեթը, լիցքավորման մոդուլը, դինամիկը և մարտկոցը ներկառուցված են շրջանակի մեջ։

Ստերեոդինամիկներն ականջի մոտ են. ընկերությունը չի ուզում, որ սարքից օգտվողը լսի ձայնը` խանգարելով հարևանությամբ գտնվողներին։

Սարքը տեսախցիկ չունի, փոխարենն օժտված է անլար լիցքավորման հնարավորությամբ և էներգիա է հավաքում սեփական պատյանից։ Ակնոցը հավանաբար վաճառքում կլինի 2019 թվականի հուլիսից։

Բազմաթիվ բժիշկներ նշում են, որ ականջակալներից պարբերաբար օգտվելու դեպքում լսողությունը սկսում է աստիճանաբար վատանալ։ Այնպես որ չինական ընկերությունը, կարելի է ասել, որոշել է հոգալ նաև մարդկանց լսողության մասին։

Ավելացնենք նաև, որ «խելացի» ակնոցը վաղուց արդեն նորույթ չէ մեր աշխարհում: Goggle-ն դեռ 2013 թվականին էր ներկայացրել իր խելացի ակնոցի առաջին մոդելը, որին հաջորդել էին նաև այլ հայտնի ընկերությունների տարբերակները։ Սակայն Huawei –ի ակնոցին ամենից շատ նման է Intel ընկերության արտադրած ակնոցը, որը ներկայացվել էր անցած տարվա փետրվարին։