ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Խնդիրը քրեականից տեղափոխել քաղաքացիաիրավական դաշտ և վերականգնել ակտիվները»

Կենտրոնական բանկը մշակել է «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը, որն արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որակել էր դանդաղ գործող ռումբ թե՛ պետության, թե՛ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։
Sputnik

 

Հովհաննիսյանի մտահոգությանը հետևեց Կենտրոնական բանկի պարզաբանումը, համաձայն որի գույքը կարելի է բռնագանձել առանց դատարանի որոշման ծանր ու հատկապես ծանր հանցագործությունների դեպքում, նման իրավական դրույթ նախատեսված է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։

 

«Մի քանի տասնյակ միլիարդի վերականգնումները պետական բյուջե կարելի է տեղավորել անօրինական ձեռք բերված ակտիվների վերականգնման գործընթացի համատեքստում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Ըստ տնտեսագետի` «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգի տնտեսական արդյունավետությունը սկզբնական փուլում այդքան էլ բարձր չի լինի։

«Արդյունավետ գործողությունների իրականացումը և՛ ծախսատար է, և՛ ժամանակատար, և պահանջում է բավականին մեծ իրավասություններ` ոչ միայն զուտ իրավական դաշտի սուբյեկտների, այլև ֆինանսական, փորձագիտական, նաև միջազգային որոշակի ընդգրկմամբ»,-ասում է տնտեսագետը։

Մարգարյանի խոսքով, այս ամբողջ գործընթացը նշանակում է խնդիրը քրեական հարթությունից տեղափոխել քաղաքացիաիրավական քննության դաշտ և հնարավորինս արագ վերականգնել անօրինական ձեռք բերված ակտիվներ։