Փաշինյանը նվեր է ստացել Հենրիխ Մխիթարյանից. լուսանկարներ

Վարչապետն այցելել է ֆուտբոլի ակադեմիա, գոտեպնդել ֆուտբոլիստներին ու հեռացել նվերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ու Ֆինլանդիայի հավաքականները «մարտի» են պատրաստվում. լուսանկարներ

Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում են մարտի 26-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ:

Փաշինյանը նվեր է ստացել Հենրիխ Մխիթարյանից. լուսանկարներ

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք քիչ առաջ քննարկում էինք Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մեր քննարկման առանցքում էր այն, որ ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը»:

Փաշինյանը հենց այդ առումով կարևոր է համարել ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև:

Փաշինյանը նվեր է ստացել Հենրիխ Մխիթարյանից. լուսանկարներ

«Ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ցնծության բազմաթիվ պահեր է պարգևել բոլորիս: Ինքս նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել եմ մարզադաշտից՝ իմ ընտանիքի անդամների հետ, և դա միշտ եղել է մեծ հաճույք: Իհարկե, եթե խաղի արդյունքը բավարարել է՝ առավել մեծ հաճույք է եղել, իսկ եթե այն այդքան էլ չի բավարարել՝ մենք շատ ուրախ և հպարտ ենք եղել, որ հավաքականի կողքին ենք այդ ծանր փորձության պահին: Այս առումով, հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հաջողություններ: Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում»,– նշել է նա:

Փաշինյանը ֆուտբոլիստներին հաջողություն է մաղթել այսօրվա խաղում։

Փաշինյանը նվեր է ստացել Հենրիխ Մխիթարյանից. լուսանկարներ

«Բայց կարծում եմ, որ առաջին կարևոր հոգեբանական պահը, որ պետք է ունենանք՝ հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ»,– նշել է նա:

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը. տեսանյութ, լուսանկարներ

Փաշինյանի խոսքով` իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նա նաև պատրաստ է կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ:

«Իհարկե, ուրախությունը կիսելու կարիք չկա էլ, բայց դառնությունները իմացեք, որ միշտ էլ պատրաստ եմ կիսել, այնպես որ շատ կարևոր է, որ խաղադաշտ մտնելուց առաջ վստահ լինեք, որ մեր հանրությունը, անձամբ ես ձեր թիկունքին կանգնած ենք: Շատ կարևոր է, որ խաղի որևէ պոտենցիալ արդյունք չվախեցնի մեզ, որովհետև շատ կարևոր է դուխով առաջ գնալը և մնացածն արդեն առավել ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարել: Հույս ունեմ, որ խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, որովհետև օրինակ ինձ համար այդ զգացողությունը շատ կարևոր է ու ինքս էլ ներկա կլինեմ»,– ասել է վարչապետը:

Փաշինյանը նվեր է ստացել Հենրիխ Մխիթարյանից. լուսանկարներ

Ըստ Փաշինյանի` հաղթանակի կարևոր նախապայմանը պարտվելուց չվախենալն է:

«Երբ վախենում ենք պարտվելուց՝ կարծես փակուղի ենք մտնում, վախենում ենք նաև գործելուց: Կարևոր է չվախենալ պարտվելուց, դա շատ ավելի հեշտացնում է հոգեբանական վիճակը և մնում է ընդամենը ներդնել բոլոր այն ջանքերը, որոնք հնարավոր են և վերջում տեսնել, թե ինչ կստացվի»,– ասել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ հավատում է մեր հավաքականին, բարձր է գնահատում և սիրում բոլորին, որովհետև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեր ազգային և պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն է:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ակադեմիա այցելելու, ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելու և հնչեցրած գնահատականների համար: ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:

Նշենք, որ Հայաստանի հավաքականն այսօր կխաղա Ֆինլանդիայի հավաքականի հետ։