ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին խիստ մտահոգել է Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքը, սակայն նա կարծում է, որ դա ոչ թե բանակի, այլ հասարակության բարքերն են։ Նա այս մասին խոսել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։
Դեռ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Մեղրու գնդի» մի մեծ խումբ զինծառայողներ (ըստ էության` մի ամբողջ գումարտակ), խախտելով սահմանված կարգը, ինքնակամ լքել էին ծառայության վայրը: Այնուհետև ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ զինծառայողներին այլ ստորաբաժանումներ են ուղարկելու ծառայելու։ Մարտի 16–ին զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել` նշելով, որ դեմ են ՊՆ–ի սահմանած` իրենց զավակներին Արցախ կամ առաջնագիծ տեղափոխելու պատժին։
«Ցավում եմ, որ նման երևույթները դեռ գոյություն ունեն մեր բանակում, քանի որ դրանք ավելի շատ բնորոշ էին 90–ականներին, երբ փողոցային բարքերն արմատակալած էին։ Ես չէի ասի` իդեալական վիճակում է մեր բանակը, բայց տարիների ընթացքում մենք կարողացել ենք ինչ–ինչ բաներ մաքրել։ Որպես զինվորական` սա պատվի խնդիր եմ համարում, և պետք է խստագույնս դատապարտվի. ՊՆ–ի կողմից հստակ պատիժներ են լինելու»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ իրականում Մեղրու զորամասում եղել է զինծառայող, որն ունեցել է որոշակի արտոնյալ կարգավիճակ։ Հովհաննիսյանի խոսքով` կարևոր չէ` ինչպես է այդ զինծառայողը նման կարգավիճակ ձեռք բերել, քանի որ դա ինքը թողտվություն է համարում։ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ ոչ վաղ անցյալում Մեղրու զորամասում գնդի հրամանատար է փոխվել, և նոր հրամանատարությունը փորձել է պայքարել այդ` արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայողի դեմ` կարգապահական մեկուսարաններ ուղարկելով, նկատողություններ անելով։
«Հարցը հասել է նրան, որ կորպուսի հրամանատարի հրամանով` նրան պետք է այլ զորամաս տեղափոխեին, քանի որ ստեղծվել էր ինչ–որ ցանց, որը սկսել էր նեգատիվ ազդել գնդի մարտունակության վրա։ Այդ զինծառայողը փորձել է ընդդիմանալ, սկզբից` անձնապես, իսկ հետո սոբատաժի է տարել ամբողջ ստորաբաժանումը»,–ասաց Հովհաննիսյանը` ակնարկելով զինծառայողների` զորամասը լքելու փաստը։
Նա հավաստիացնում է, որ սաբոտաժից հետո վերադասի կողմից քննություն է տարվել, որի արդյունքում որոշվել է պատժել և՛ այդ զինծառայողին, և՛ նրա կողմնակիցներին, և՛ մի շարք սպաների։ Հովհաննիսյանը նշում է, որ կարգապահությունն անկյունաքար է ԶՈՒ–ում, իրենք փորձելու են խստագույնս պատժել մեղավորներին` լինի սպա, թե զինծառայող։
Նրա խոսքով` գնդի հրամանատարի գրեթե բոլոր տեղակալները, ինչպես նաև ստորաբաժանման հրամանատարն ու տեղակալները պատասխանատվության կենթարկվեն։
Անդրադառնալով զինծառայողների ծնողների բողոքի ակցիային ու պահանջին` իրենց տղաներին որևէ կերպ Արցախ չտեղափոխել` Հովհաննիսյանը նշեց, որ իր համար անընդունելի է դա։ «Անընդունելի է նաև, որ տարբերություն կարող են դնել Արցախի և Հայաստանի միջև։ Հայկական բանակ և հայկական ԶՈՒ կա` տարբերություն չպետք է դնենք»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց նաև, որ այդ ամենը վերջին 20-25 տարիների ընթացքում արժեհամակարգի առումով մեր ցանած արդյունքն է։ Ըստ Հովհաննիսյանի` սերիալների, ճիշտ հերոսներին ճիշտ տեղում չդնելու հետևանքն է, որ նման երևույթներ գոյություն ունեն։
Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ այժմ դեպքի վերաբերյալ քննություն է տարվում, քանի որ լուրեր կան, որ այդ` արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայողը հանցավոր աշխարհից որոշակի հովանավորներ ունի։