Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի. Մարուքյանը` նոր տոնի մասին

ԼՀԿ-ն ԱԺ–ի առաջիկա արտահերթ նիստում կայացվող որոշման վերաբերյալ վերջնական դիրքորոշում չունի, բայց նոր տոնի հարցը ֆունդամենտալ չի համարում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Եթե իշխանությունը որոշել է, որ Քաղաքացու օրը լինի, ուրեմն կլինի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Քաղաքացու օր հռչակելու կառավարական նախաձեռնությանը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում 88 ձայն ունի:

Ինչ վերաբերում է իրենց դիրքորոշմանը, Մարուքյանը նշեց, որ այդ հարցն իրենց համար ֆունդամենտալ չէ:

«Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի, ոչ էլ հատուկ կռիվ կտանք, որ լինի»,- ասաց նա` հավելելով, որ Քաղաքացու օրը տոն կլինի բոլորի համար` անկախ քաղաքական կողմնորոշումից:

«Երկրում տեղի ունեցած փոփոխությունների մեջ ներդրում ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: Եվ եթե տոն հռչակվի, բոլորի համար կլինի տոն: Մենք չենք կարող մեր քաղաքացիներին մեկումեջ անել»,- նշեց Մարուքյանը:

Քաղաքացու օ՞ր, տարի՞, թե՞ դարաշրջան. գուցե դեկտեմբերի 9-ն էլ «Ընտրողի՞ օր» հռչակվի

Նրա խոսքով` ԼՀԿ-ն այս նախագծի շուրջ վերջնական որոշում չի կայացրել, բայց կկայացնի մինչև հարցի քննարկումը:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մարտի 21–ին առաջարկել էր ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում հռչակել Քաղաքացու օր։ Այս առաջարկը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որն ԱԺ-ում կքննարկվի հերթական նիստի անմիջապես ավարտից հետո նախանշված արտահերթ նիստում: