Հատուկ զգոնության պահն է. Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ

Ադրբեջանը պաշտոնապես հաղորդում է Հայկական զինուժի կրակոցից Ֆիզուլիի ուղղությամբ սպանված զինծառայողի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Մարտ — Sputnik. Ամենայն հավանականությամբ, պետությունների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ՝ սադրանք են նախապատրաստում։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական կողմի կրակոցներից զոհ ունեն:

Տեղեկացնենք, որ մոտ 2 ժամ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր արցախյան առաջնագծի և Հայաստանի հետ սահմանի տարբեր տեղամասերում հայկական կողմից կրակոցներ են եղել: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն հայկական զինուժի կրակոցների հետևանքով Ֆիզուլիի ուղղությամբ իրենք ունեն զոհ՝ Էլլազով Էլլազ Ալեդդին օղլին:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են մոտեցնել իրենց դիրքերը։