ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նունե Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա Instagram–ի իր պաշտոնական էջում տիկին Նունեի սպիտակ հագուստով լուսանկարն է հրապարակել` մակագրելով. «Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում»։
Շատ օգտատերեր միացել են նախագահի շնորհավորանքին` ընդգծելով, որ Նունե Սարգսյանը բարձրաճաշակ, հաճելի կին է։ Ոմանք բարեմաղթանքներ են հղել ամբողջ ընտանիքին։
«Սպիտակ շորերով ոնց որ նորահարս լինեք»,–գրել է նրանցից մեկը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը` Նունե Սարգսյանը այսօր նշում է ծննդյան 65–ամյակը։
Նունե Սարգսյանը ծնվել է 1954 թվականի մարտի 26-ին, Երևանում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը:
Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Ապա սովորել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջում և ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: Այնուհետև սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում
Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի: Նրա հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արևելահայերենով ու արևմտահայերենով, այլ նաև Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով: Որոշ հեքիաթներ բեմադրվել են, մասնավորապես «Քաչալ ոզնին»՝ Խամաճիկների պետական թատրոնում, «Թզուկ Մզուկը»՝ «Կարապետ» տիկնիկային թատրոնում: