Գյումրիում ձերբակալել են դպրոցի տնօրենին ու գործավարուհուն

Դպրոցի տնօրենին ու գործավարուհուն կասկածում են կաշառք վերցնելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Արմենուհի Մխոյան. Այսօր ձերբակալել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանին ու գործավարուհուն։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը

«ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով Շիրակի մարզային վարչության քննիչն իմ հանձնարարությամբ ձերբակալել է թիվ 27 դպրոցի տնօրենին։ Նույն քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նաև տվյալ դպրոցի գործավարուհին»,- ասաց դատախազը։

Տնօրենին կասկածում են կաշառք վերցնելու, իսկ գործավարուհուն` միջնորդելու մեջ։

Դատախազը նշեց, որ կաշառք է տրվել աշխատանքի տեղավորման նպատակով:

Երևանում 2 քույրերին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք վերջին ամիսներին հարուցված քրեական գործերը կամ կալանքները չեն ազդե՞լ հատկապես դպրոցների տնօրենների վրա, դատախազը կրկին զգուշացրեց զերծ մնալ «կաշառք» երևույթից:

«Հիմա փաստացի արդյունքն արդեն պարզ է բոլորի համար: Թող սա ազդակ լինի, ու բոլորը դրսևորեն նորմալ, ոչ կոռուպցիոն վարքագիծ»,– ասաց նա։

Դատախազի խոսքով` ով դրսևորի նման վարքագիծ, կարժանանա քրեաիրավական գործողության: