Ավշարի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. նա վախենում է իր երեխայի համար

Տնօրենի դիմումի մեջ նշված է, որ ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա` սպասվելիք երեխայի առողջության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանից։

Գյումրիում ձերբակալել են դպրոցի տնօրենին ու գործավարուհուն

Մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ պահանջում էին դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։

«Ես, որպես մանկավարժ, ՀՀ քաղաքացի և ծնող` նաև այն երեխայի, ում կրում եմ կրծքիս տակ և ով լույս աշխարհ կգա, ցանկանում եմ, որպեսզի մեր երեխաները, մասնավորապես Ավշարի միջնակարգ դպրոցի երեխաները, կրթություն ստանան, և ամենակարևորը` այն ստանան առողջ կրթական միջավայրում։ Միջավայրում, որտեղ մեծերի մասնավոր շահերը կստորադասվեն և խոչընդոտ չեն հանդիսանա երեխաների որակյալ կրթության ապահովմանը»,–նշված է Անդրեասյանի ազատման դիմումի մեջ:

Անդրեասյանը նաև ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնք իր քայլը որպես թուլություն կորակեն։ Նա, մասնավորապես, նշել է, որ նման քայլի է գնացել, քանի որ իր համար իր ապագա երեխայի առողջությունը շատ կարևոր է։ «Ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար»,–գրել է նա դիմումի մեջ։

Հիշեցնենք, որ Ավշարի դպրոցի ուսուցիչներն ու ծնողները բաց նամակով մի քանի անգամ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք տնօրենին մեղադրում էին կադրային խտրականության, երեխաների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։