ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում:
ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ Լեռնային Ղարաղաբի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 25–ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: