Ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն. Փաշինյան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթական համակարգում առկա խնդիրներին ու դրանց լուծման անհրաժեշտությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Կրթական համակարգը պետք է ամբողջովին ապաքաղաքականացնել՝ սկսած բուհականից մինչև դպրոցական համակարգ։ Այսօր կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կրթական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին:

«Արմաթի» խմբակավարներն աշխատավարձ կստանան. Կառավարությունը գումարը փոխանցեց

«Պետք է շատ հստակ ասենք՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն, բայց նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, անելիք, առաքելություն»,– ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ սա քաղաքական որոշում է և վաղ թե ուշ պետք է իրագործվի: «Թող որևէ մեկը չմտածի, թե մենք մոռանալու ենք՝ ինչու ենք հավաքվել»,– ասաց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ նաև կրթական ծրագրերի վերանայման խնդրին` մասնավորապես նշելով կրթական առարկաներում կրկնությունները վերացնելու հարցին։