Թրամփն անբասիր է. Հատուկ դատախազը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահի գործարքի ապացույցներ չի գտել

Հատուկ դատախազ Մյուլերը Ռուսաստանի և Թրամփի գործարքի ապացույցներ չի գտել։ Վաշինգտոնում կատակում են, որ եթե դա չի հաջողվել նրան, ապա չի հաջողվի ոչ ոքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ նախընտրական շտաբի անդամները 2016թ.–ին Ռուսաստանի հետ դավադրության մեջ չեն մտել։ Այդ մասին ասվում է հատուկ դատախազ, ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի երկամյա հետաքննության եզրակացությունում։

Թրամփը սպառնացել է Եվրամիությանը առևտրային տուրքերով

Հատուկ դատախազի հանձնաժողովն ուսումնասիրել է 2016թ.–ի նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության» և Մոսկվայի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ենթադրվող կապի մասին գործը։ ԱՄՆ–ի նախագահը այդ մտացածին գործի շուրջ իրարանցումը գնահատել է որպես «վհուկների որս»։

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ներկայացրել է զեկույցի հիմնական դրույթները սենատի իրավաբանական հանձնաժողովի ներկայացուցիչների առաջ։

«Հատուկ դատախազի հետաքննությունը չի բացահայտել, որ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչը կամ նրա հետ կապված անձինք դավադրության մեջ են մտել Ռուսաստանի հետ` փորձելով ազդել 2016թ.–ի ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների վրա», – ասվում է հայտարարությունում։

Հատուկ զեկույցի արդյունքները հրապարակելուց հետո Թրամփը ողջունել է Մյուլերի աշխատանքը։ Ինչպես միշտ, ԱՄՆ–ի նախագահն իր մտքերը շարադրել է Twitter–ում. «Դավադրություն չկա, արդարադատության խոչընդոտում չկա, լիակատար և անվերապահ արդարացում»։

Ամերիկյան ԶԼՄ–ները իրենց հերթին նշել են, որ քանի որ Մյուլերին չի հաջողվել Թրամփի պատիվն արատավորող ինչ–որ բան գտնել, ուրեմն նա անբասիր է։