Օսիպյանը հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին զանգել է իրեն

ՀՀ ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նարեկ Սարգսյանի մասին տարածված լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Եթե ապացուցվի, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին զանգել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, նա հրաժարական կտա։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Օսիպյանը։

«Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է ինձ, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին Հայաստան վերադարձնելուն, ոստիկանապետը հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Հարցին, թե արդյոք Պրահայից նրա տեղափոխման ու Հայաստան արտահանձնման հետ խնդիրներ են առաջացել, Օսիպյանը պատասխանեց. «Այս հարցում ոստիկանությունն իր գործը կատարել է, մնացածը մեր դաշտում չէ»։

Սերժ Սարգսյանի եղբոր խափանման միջոցի գործով բողոք է ներկայացվել

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

2018թ–ի դեկտեմբերին Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում։ Այդ պահից սկսած մինչ օրս ՀՀ Գլխավոր դատախազությունը չեխական կողմի հետ աշխատում է նրան Հայաստան արտահանձնելու ուղղությամբ։ Այս գործընթացի ներկա ընթացքի մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում։