Նոր սմարթֆոնը կծալվի երկու տեղից. սարքի էսքիզները հայտնվել են համացանցում

Ճապոնացիները որոշել են գերազանցել չինացիներին ու կորեացիներին և պատրաստվում են նոր սմարթֆոն ստեղծել, որը ճկվելու երկու տարբերակ կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ճապոնական Sharp ընկերությունը պատենտավորել է արտասովոր կառուցվածքով ծալվող սմարթֆոն։ LetsGoDigital պարբերականը սմարթֆոնի` ինտերնետ «հոսած» էսքիզների հիման վրա ստեղծել է սարքի եռաչափ պատկերը։

Նոր սմարթֆոնը կծալվի երկու տեղից. սարքի էսքիզները հայտնվել են համացանցում

Սմարթֆոնը ծալվելու երկու հնարավորություն կունենա։ Առաջին դեպքում էկրանն ամբողջությամբ «կթաքնվի» կորպուսի մեջ, իսկ երկրորդի դեպքում էկրանի որոշ հատվածը տեսանելի կմնա, որպեսզի երևան զանգերի և ուղարկված հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկությունները։

Համացանցում հայտնված էսքիզներում չի երևում, թե որտեղ է գտնվելու դիմային տեսախցիկը. ամենայն հավանականությամբ ներկառուցված կլինի էկրանի տակ։

Պետք է նշել նաև, որ ոչ ամբողջովին ծալվելու դեպքում մեծանում է էկրանը քերծելու կամ վնասելու վտանգը։ Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, քայլեր կձեռնարկի իր արտադրանքը նման խնդիրներից ապահովագրելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 20–ին կորեական Samsung ընկերությունը ներկայացրել էր իր առաջին ծալվող սմարթֆոնը, որի արժեքը մոտ 2 հազար դոլար է։ Ընդամենը մի քանի օր անց չինական Huawei–ը ներկայացրել էր ծալվող սմարթֆոնի իր տարբերակը, որն արժե 2600 դոլար։