Ինչի հաշվին են ավելանում բժիշկների աշխատավարձերը. պատգամավորն իր մեկնաբանությունն ունի

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձ եղավ նաև պոլիկլինիկաներում աշխատավարձերի բարձրացմանը։ Հանձնաժողովի նախագահին ավելացումները մտահոգել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հունվարի 1-ից պոլիկլինիկաներում աշխատավարձը բարձրացել է 15 տոկոսով։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը։

Գյումրիում ծնվող երեխաների թիվը նվազում է. ծննդատունը նույնիսկ սոնոգրաֆիայի սարք չունի

«2018 թվականի օգոստոսից տնտեսված միջոցների հաշվին 25-30 տոկոսով ավելացվել է ամբուլատոր բուժհաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը, ինչը շարունակական բնույթ է կրում»,- ասաց նա` հավելելով, որ 2019թ.–ին բժիշկների աշխատավարձերի բարձրացման միտումը շարունակվել է։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, սակայն, չկիսեց փոխնախարարի լավատեսությունը։ Նրա համոզմամբ` աշխատավարձերը պոլիկլինիկաներում բարձրանում են մատուցվող ծառայությունների որակի հաշվին։

«Աշխատավարձերի ավելացումը կատարվում է թերակատարումների շնորհիվ։ Պոլիկլինիկաների տնօրենները վատ մենեջմենթ են իրականացնում: Դրանից ընկնում է նաև առաջնային օղակի արդյունավետությունը»,- ասաց նա:

Արսեն Դավթյանը, սակայն, համոզմունք հայտնեց, որ պոլիկլինիկաների թերակատարումները հիմնականում պայմանավորված են կադրերի բացակայությամբ: