ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ժամեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Արարատ քաղաքում ապրող 52-ամյա մի տղամարդ ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ պատրաստվում է Տիգրանաշենի (Քարքիի) ոլորաններից մեքենայով գլորվել ձորը:
Ըստ ականատեսների՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը մեքենան կանգնեցրել է ձորի եզրին, ինքն էլ նստել է ղեկին՝ պատրաստվելով դիմել այդ ծայրահեղ քայլին:
Ոստիկանության ծառայողները նրա հետ զրուցելով մոտեցել են մեքենային ու, հարմար առիթը օգտագործելով, տղամարդուն դուրս են բերել սրահից:
Մեր տեղեկություններով՝ նրա կինը տարիներ առաջ մահացել է, երեխաներն էլ գտնվում են անչափահասների խնամքով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի հոգածության ներքո, քանի որ նրանց հայրը հաճախ է ոգելից խմիչք օգտագործում և հավուր պատշաճի չի զբաղվում երեխաների խնդիրներով:
Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել, քանի որ երեխաներն իր մոտ չեն: