Գյումրիում ծնվող երեխաների թիվը նվազում է. ծննդատունը նույնիսկ սոնոգրաֆիայի սարք չունի

Գյումրի քաղաքի ծննդատունը կանգնած է փակման վտանգի առաջ։ Խնդրի հասցեատերը Շիրակի մարզպետարանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Գյումրու ծննդատունը նույնիսկ ուլտրաձայնային հետազոտության սարք չունի։ Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

«Խոսքը սոնոգրաֆիայի սարքի մասին է, որը խիստ անհրաժեշտ է հղիների հետազոտության համար` ամբողջ հղիության ընթացքում»,– ասաց փոխնախարարը` նաև դրանով մեկնաբանելով ծննդատան ֆինանսական ծանր վիճակը։

Վարչապետը հետևողական է եղել, նա առավոտյան զանգել է Գյումրու քաղաքապետին

Փոխնախարարի բնորոշմամբ` «պրիմիտիվ բժշկական սարքավորումներից» բացի, ծննդատանը սարսափելի են նաև շենքային պայմանները, ինչը դարձյալ պայմանավորված է ֆինանսական հնարավորություններով։

Նրա խոսքով, Գյումրիում տարեցտարի նվազում է ծնվող երեխաների թիվը, ինչը ոչ միայն ժողովրդագրական պատճառներով է, այլև հիվանդանոցային ոչ պատշաճ պայմաններով։

Լուրերն այն մասին, որ ծննդատունն ընդհանրապես կարող է փակվել, պաշտոնյան ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` նշելով. «Այս պահին առողջապահության նախարարությունում նման հարց չի քննարկվում։ Գյումրու ծննդատունը գործում է Շիրակի մարզպետարանի իրավասության ներքո, հետևաբար, առողջապահության նախարարությունն այս դեպքում կարող է միայն առաջարկություն ներկայացնել։ Փակելը, բացելը, ընդլայնելը Շիրակի մարզպետարանի իրավասությունն է»։

Այդուհանդերձ, 2019թ.–ի համար նախարարությունն ավելացրել է ծննդատան ֆինանսավորումը` վերահաշվարկելով ծննդօգնության ծառայությունների պետպատվերի դիմաց հիվանդանոցին հատկացվող պետական միջոցները։