«Գնդակը տվավ ու խնդաց». գյումրեցի փոքրիկը տպավորված է նախագահի ու Հենոյի հետ հանդիպումից

Դպրոցական Մանվելը ոչ միայն սեղմել է նախագահի ձեռքը, այլև երկրի ղեկավարի միջամտությամբ հանդիպել իր սիրելի ֆուտբոլիստին։ Նա Sputnik Արմենիային պատմել է իր տպավորությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը հավատում է, որ երազանքներն իրականանում են։ Դրանում նա համոզվել էր օրեր առաջ, երբ նկարահանումների ժամանակ Գյումրիում իրեն ու ֆիլմում իր զուգընկերուհի Անիին էր մոտեցել երկրի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահն առաջինն էր զրույցի բռնվել։

«Ինքը ընձի կհարցներ` ի՞նչխ եք, լա՞վ եք։ Ես էլ պատասխանեցի, հետո խոսացինք իմ երազանքից ու ըսեցի օր ֆուտբոլիստ գուզեմ դառնամ», - պատմեց տղան Sputnik Արմենիայի թղթակցին։

«Գնդակը տվավ ու խնդաց». գյումրեցի փոքրիկը տպավորված է նախագահի ու Հենոյի հետ հանդիպումից

Իսկ այսօր նախագահի միջնորդությամբ, որին տղան արդեն իսկ ընկեր է համարում ու հավատում է, որ հաճախ կտեսնի հարազատ Գյումրիում, հանդիպեց իր կուռքին` Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Ասում է` ֆուտբոլիստն այնպիսին էր, ինչպիսին ինքը միշտ պատկերացրել է ` մեղմ, բարի ու քչախոս։ Չնայած հանդիպումը երկար չի տևել, բայց Մանվելը հասցրել է պատմել իր` ֆուտբոլիստ դառնալու երազանքի մասին։ Նա ամաչել է ևս մի հանդիպում խնդրել, չնայած, որ շատ կուզեր մարզվել Հենրիխի հետ։

«Գնդակը տվավ ու խնդաց». գյումրեցի փոքրիկը տպավորված է նախագահի ու Հենոյի հետ հանդիպումից

«Շատ ուրախացա, որ իրան տեսա։ Ըդիգ անակնկալ էր ընձի համար։ Ինքը ստորագրեց, գնդակը տվավ ու խնդաց», - պատմեց Մանվելը։

Երեխայի ձայնի ելևէջներն ու շփոթված «լենականերեն» բառերի օգտագործումը վկայում էին, որ հուզմունքը դեռ չի անցել։ Նույն շփոթմունքով նա վստահեցրեց, որ նվեր ստացած գնդակով չի խաղալու, այլ պահելու է ու բոլորին պատմի, որ իրեն այն Հենոն է նվիրել Հայաստանի նախագահի մոտ։ Բացի գնդակից նա ունի ևս մի հուշանվեր` իր ու նախագահի լուսանկարը, որը Արմեն Սարգսյանը ստորագրել է հենց իր մեջքին դրած։

«Գնդակը տվավ ու խնդաց». գյումրեցի փոքրիկը տպավորված է նախագահի ու Հենոյի հետ հանդիպումից

Մանվելն ափսոսում է, որ իրեն էլ Հենոյի ստորագրությամբ մարզաշապիկ չեն նվիրել, բայց վստահ է, որ մի օր սիրելի ֆուտբոլիստի հետ կրկին կհանդիպի ու Մխիթարյանն արդեն իր մեջքին այսօրվա երեքով լուսանկարը կստորագրի։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 25–ին, Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։Նախագահին հյուր գնացած ֆուտբոլիստը Արմեն Սարգսյանին է նվիրել իր մարզաշապիկը։