Բենզինի, բանանի, շաքարավազի շուկաներում կենտրոնացվածությունը նվազել է. նախարար

Հայաստանի գործարար միջավայրը պետք է լինի այնպիսին, որ ներդրողներն իրենց ժամանակը ծախսեն գործարար ծրագրերի և ոչ թե խոչընդոտներ հաղթահարելու համար։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրեց կառավարության գործունեության արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանի ապրանքային մի քանի շուկայում վերջին 1 տարվա ընթացքում կենտրոնացվածությունը նվազել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս։ Նախկին եղել է 95։ Բանան ներմուծող խոշոր ընկերությունների տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախկին 57-ի փոխարեն, բենզին ներկրողինը՝ 29 տոկոս՝ նախկին 49-ի փոխարեն»,– ասաց նախարարը։

Խաչատրյանն անդրադարձավ նաև ստվերի դեմ տարվող պայքարի արդյունքներին` հայտնելով, որ 2018թ–ին Հայաստանում 37 000–ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը։

Հարուստները կարող են գործել «ստվերում». տնտեսագետը` էլիտար անշարժ գույքի հարկման մասին

Նախարարի խոսքով` ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակն է շուկան դարձնել ազատական, ներդրումային միջավայրը՝ շահութաբեր։

Ըստ Խաչատրյանի` կարևորը` Հայաստանի գործարար միջավայրը լինի այնպիսին, որ ներդրողներն իրենց ժամանակի մեծ մասը ծախսեն գործարար ծրագրերը զարգացնելու և ոչ թե խոչընդոտները հաղթահարելու համար։