Սպառնալիք կարմրուկի տեսքով. նախարարը պնդում է, որ պետք է պատվաստում ստանալ, եթե չեք ստացել

Հիվանդը վարակիչ շրջանում եղել է Արամի փողոցի վրա գտնվող տարբեր հանրային վայրերում և ունեցել է բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ, ովքեր մեծ հավանականությամբ կարող են վարակված լինել, տեղեկացնում է առողջապահության նախարարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը. աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ներկայումս եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել»,- գրել է նախարարը:

Ըստ Արսեն Թորոսյանի սա պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունքն է:

«Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի:

Ինչպես է կարմրուկը «գալիս» Հայաստան, ինչ է պետք անել հիվանդության տարածումը կանխելու համար

Տեղին է նշել, որ որոշ երկրներում արդեն իսկ դիտվում է դիֆթերիայի հետվերադարձ՝ ուղեկցվելով բռնկումներով, մահվան դեպքերով»,- ահազանգում է առողջապահության նախարարը:

Ըստ նրա՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն չորրորդ դեպքն է գրանցվում, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի և Վրաստանի հետ:

Նախարարը տեղեկացնում է, որ չորրորդ դեպքն արձանագրվել է Իտալիայի քաղաքացու մոտ, որը Հայաստան է ժամանել Ուկրաինայից 2 շաբաթ առաջ` առանց որևէ կլինիկական երևույթների: Ախտանշաններն ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ՝ ունեցել է ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ մարտի 23-ից սկսել է մարմնի ցանավորումը: Այսօր՝ մարտի 25-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

«Հիվանդը վարակիչ շրջանում եղել է Արամի փողոցի վրա գտնվող տարբեր հանրային վայրերում և ունեցել է բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ, ովքեր մեծ հավանականությամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը»,- գրել է Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և օժտված է խիստ բարձր վարակելիությամբ:

Պատվաստումներն են ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումները` յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր:

Նախարարը այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել, քանի որ միայն այս դեպքում զերծ կմնան հիվանդությունից: