Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստ է նպաստել ՀՀ տնտեսական հեղափոխությանը. պարզաբանում է դեսպան Կոպիրկինը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հույս ունի, որ պաշտոնական Երևանը կշարունակի Մոսկվայի հետ տնտեսական կապերի ամրապնդումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանը միշտ պատրաստ է Հայաստանի ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել տնտեսության և սոցիալական ոլորտը զարգացնելու հարցում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կիբեռհարձակումներ ռուսաստանյան բանկերի վրա. վնասներ են կրում նաև մեր քաղաքացիները

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որպես իր գործունեության առաջնահերթ ուղղություն տնտեսական հեղափոխությունն է հայտարարել։ Այս կապակցությամբ մենք հետաքրքրվեցինք դեսպանից, թե արդյո՞ք Ռուսաստանը որպես ԵԱՏՄ առաջատար առևտրատնտեսական գործընկեր և դաշնակից պատրաստ է այս հարցում աջակցություն ցուցաբերել։

Դիվանագետի կարծիքով`  տնտեսական հեղափոխության նպատակները պարզելը Հայաստանի ղեկավարության և հայ ժողովրդի գործն է, և այդ նպատակների իրականացումը, անկասկած, բավական սերտ կապեր է պահանջում այն երկրների և կազմակերպությունների հետ, որոնք ավանդաբար մեծ դեր են խաղացել Հայաստանի տնտեսական և սոցիալական ոլորտների զարգացման հարցում։

Որպեսզի հայերն ավելի լավ իմանան. Երևանում «Ղրիմի գարունը» խորագրով ցուցահանդես է բացվել

«Կարծում եմ, որ նոր մոտեցումներ փնտրելու հետ մեկտեղ, շատ կարևոր է պահպանել նաև այն ավանդույթները, որոնք ձևավորվել են երկար տարիների և նույնիսկ հարյուրամյակների ընթացքում։ Հայաստանի և Ռուսաստանի կապերը շատ խորն են և ընդարձակ, այդ թվում նաև տնտեսական ոլորտում։ Եվ սա շատ կարևոր գործոն է հասնելու համար այն նպատակներին, որոնք իր առջև դնում է Հայաստանի ղեկավարությունը», – նշեց Կոպիրկինը։

Նա նաև կարծում է, որ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը, որն արդեն ակնհայտ տնտեսական դիվիդենդներ է բերել երկրին, արդեն իսկ կարևոր գործոն է հետագա զարգացման համար։ Դիվանագետը համոզված է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը Հայաստանի համար ինքնատիպ «ապահովագրական ցանց է»` սեփական նպատակները մշակելու և իրագործելու հնարավորությունները պահպանելու առումով։

«Հայ–ռուսական հարաբերությունների դերն ու Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին անհնար է գերագնահատել։ Համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսության ուղղվածության այս մասը նախկինի պես առանցքային դեր է խաղալու», – նշեց դեսպանը։

Որոշ պետություններ փորձում են արժեքներ թելադրել. Կոպիրկին

Երկու երկրներն էլ այս պահին բազմաթիվ նախագծեր են իրականացնում, այս կապակցությամբ նաև նոր գաղափարներ և առաջարկներ կան։ Նա հիշեցրեց, որ ապրիլին Երևանում կկայանա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ  կքննարկվեն նաև տնտեսական փոխգործակցության հարցեր։

Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականին Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ դոլար, կամ Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի մոտ 26%–ը։ Մեկ տարվա ընթացքում առևտրի ծավալներն աճել են ավելի քան 11%–ով։ Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան արտահանումը ավելի քան 1,3  մլրդ դրամ է կազմել, 2017 թվականի համեմատ ավելանալով 8,89%–ով։  Հայաստանից Ռուսաստան ներկրումը 2018 թվականին ավելի քան 627 մլն դոլար է կազմել` 2017 թվականի համեմատ ավելանալով 21,82%–ով։