2011թ.–ից ի վեր Սիրիան լքել է մոտ 70 հազար հայ

Սիրիայից հայերի արտագաղթի հիմնական ուղղություններն են Հայաստանը, Լիբանանը, Հորդանանը և Կանադան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. 2011թ.–ին հակամարտությունը սկսվելուց ի վեր Սիրիայից հեռացել է մոտ 70 հազար հայ, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաղորդեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից։

«Նրանցից մոտ 25 հազարը տեղափոխվել է Հայաստան։ 2018թ.–ի տվյալներով` հիմա Հայաստանում բնակվում է մոտ 20 հազար սիրիահայ, որոնց մի մասը մշտական շարժման մեջ է», – ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանից բացի սիրիահայերի արտագաղթի համար հիմնական ուղղություն են դարձել Լիբանանը (մոտ 20 հազար), Հորդանանը (մոտ 7 հազար), Կանադան (մոտ 6 հազար), Շվեդիան (մոտ 3500), ԱՄՆ–ը (մոտ 2 հազար), Ավստրալիան (մոտ 1500)։

Հիմա Սիրիայում բնակվում է մոտ 25-30 հազար հայ։