«Արմաթի» խմբակավարներն աշխատավարձ կստանան. Կառավարությունը գումարը փոխանցեց

Կառավարությունը որոշեց փոխել նախկին որոշումը, որի հետևանքով ռոբոտաշինության խմբակավարները մնացել էին առանց աշխատավարձի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանի դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման խմբակներում աշխատող խմբավարները կստանան իրենց 3 ամսվա չվճարված աշխատավարձերը։ Կառավարությունն այսօր հրավիրած արտահերթ նիստում որոշում կայացրեց շարունակել ծրագրի ֆինանսավորումը։ Այդ նպատակով գործադիրը 352 226 500 դրամ դրամաշնորհ հատկացրեց ծրագիրն իրականացնող «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի։

«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան

Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, հայաստանյան դպրոցներում այսօր գործում են «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիաներ` 304 խմբավարներով։

Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավարներ 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Վարչապետն ասել էր, որ այդ մասին տեղեկացել է իրեն ուղղված նամակից, հարց ուղղել պատասխանատուներին, թե ինչն է խնդրի պատճառը։

ԿԳ նախարարը պարզաբանել էր, որ ֆինանսավորման հետ խնդիր է ծագել, քանի որ մինչ այդ կառավարությունը մեկ այլ որոշում է կայացրել` դրամաշնորհը մրցույթով փոխարինելու մասին, ինչի արդյունքում ծրագրի ֆինանսավորումը դադարեցվել էր։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով 2012թ.–ի գործող ծրագիրը 880 000 000 դրամ է ստացել պետական ու ոչ պետական հատվածից, որից 580 000 000 դրամը ծախսվել է անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռքբերման, խմբավարների վերապատրաստման և մոնիտորինգի համար, 175 000 000 դրամը` համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության (այդ թվում անօդաչու թռչող սարքերի), մրցույթների ու ցուցահանդեսների, ամառային տեխնոլոգիական ու ինովացիոն ճամբարների կազմակերպման համար, 125 000 000–ը` մեթոդաբանության մշակման, ուսուցողական նյութերի պատրաստման, էլեկտրոնային կայքի ստեղծման համար։