ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Աշխարհի տարբեր ծայրերում՝ Կոլումբիայում և Ինդոնեզիայում, մի քանի ժամ տարբերությամբ տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ՝ 6,1 բալ մագնիտուդով։
Կոլումբիայում երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 23-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 14։21-ին (Երևանի ժամանակով՝ 23։21-ին)։ Դրա էպիկենտրոնը Կալի քաղաքից 128 կմ հյուսիս-արևմուտքում է եղել, իսկ երկրաշարժի օջախը՝ երկրի մակերեսից 10 կմ խորության վրա։
Ինչ վերաբերում է Ինդոնեզիայի Մոլուկյան կղզիների ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժին, ապա այն գրանցվել է կիրակի՝ տեղական ժամանակով 11։37-ին (Երևանի ժամանակով՝ 08։37-ին)՝ Բիտունգ քաղաքից 141 կմ հյուսիս-արևելք։ Ինչպես հայտնում է The Hindu գործակալությունը, ստորգետնյա ցնցումների օջախը 37,4 կմ խորության վրա է եղել։
Channel Newsasia-ն տեղեկացնում է, որ ինդոնեզիական Սուլավեսի կղզում նույնպես տեղի է ունեցել երկրաշարժ՝ 5,4 մագնիտուդով։
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում։ Երկու դեպքում էլ ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։