Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

Կանացի երևակայության ու նրբաճաշակության արդյունքում սովորական քարը կարող է զարդ դառնալ, հոբբին՝ եկամուտ:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրեցի երիտասարդ արվեստագետ Ռիմա Գյոդակյանը տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ որդու հետ զբոսանքը կարող է նոր հետաքրքիր գաղափար ծնել:

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

Որդին՝ 3-ամյա Արմենը, զբոսանքի ժամանակ հենց տան բակում խճաքարեր էր հավաքել ու հետաքրքիր պատկեր ստացել: Գեղանկարչուհի մայրիկին որդու այդ խաղը նոր միտք տվեց՝ հենց այդ սովորական քարերից զարդեր ստանալ: Տանը երիտասարդ կնոջը օգնության հասան քանդակագործ ամուսնու գործիքները, որոնց օգնությամբ Ռիման հղկեց քարերը: Զարդերի ամրության համար կաշի օգտագործեց՝ այն մշակելուց հետո քարերի համադրությամբ ստանալով տարբեր զարդեր՝ մատանիներ, ականջօղեր, բրոշներ: Երբեմն նաև փայտը «միանցավ» քարին:

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

«Մինչ այս զարդեր պատրաստել եմ, բայց ոչ սովորական քարերից, այլ հիմնականում կաշվից կամ տարբեր մրգերի կորիզներից»,- նշում է նա:

25-ամյա Ռիման ասում է՝ քարն ինքն է որոշում զարդի ձևն ու նշանակությունը: Նախշերն ուշ են ավելացվում, իսկ երբեմն նույնիսկ դրանց անհրաժեշտությունը չի էլ զգացվում: Ավելի ուշ գաղափար ծնվեց՝ ստեղծել Dandelion ապրանքանիշը:

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

«Dandelion-ը խատուտիկ է նշանակում, իմ սիրած ծաղիկն է: Այս ծաղիկին իմ գործերում շատ կհանդիպեք: Ուսանողական տարիներից եմ խատուտիկը սիրել: Ամենավառ կերպով այդ ծաղիկն ինձ է արտահայտում: Հենց այս ծաղկի ձևն ու թեթևությունը շատ է զգացվում իմ զարդերում»,-ասում է Ռիման:

Թեև երբեմն քար մշակելուց կանացի նուրբ ձեռքերը վնասվում են, բայց Ռիմայի համար դա դժվարություն չէ:

«Դժվար չէ, եթե սիրով ես անում: Յուրաքանչյուր զարդ պատրաստում եմ սիրով ու չեմ մտածում, որ դա գումար բերի, հավանաբար դա է հաջողության գաղտնիքը»,-պարզաբանում է նա:

Աշխատանքները հիմնականում շարքերով են՝ ծառերի, կերպարային կամ կենդանիների: «Խատուտիկը» կարճ ժամանակում կարողացավ շատ կանանց ու աղջիկների սրտերը գրավել: Ինքնատիպ զարդերը հատուկ ճաշակ ունեցողների համար են: Արվեստագետն ինքն է նշում՝ բոլորը չէ, որ նախընտրում են քարից ու փայտից զարդեր կրել: Յուրահատուկ կանանց համար նախատեսված զարդերն անկրկնելի են ՝ոչ մի օրինակ չի կրկնվում:

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

«Եթե շատ էլ ուզեմ, ամբողջովին նույնը չի ստացվում. ոչ մի քար նման չէ մյուսին: Պատվերներ հիմնականում ստանում եմ Երևանից կամ արտերկրից: Հիմնականում տղամարդիկ են գնում իրենց կանանց ու աղջիկներին նվերելու համար: Ես սիրով եմ զարդը հանձնում այն կնոջը, որը կրելու է: Լինում է, որ երբեմն գնում եմ քար հավաքելու, փոխարենը միտք է ծնվում ու շտապում եմ տուն այդ միտքը զարդի վերածելու»,- անկեղծանում է Ռիման:

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

Ի դեպ, Ռիմայի համառ որդին «ստիպեց» մեկ այլ զբաղմունք ևս ունենալ՝ ինքնատիպ ձեռագործ ինտերակտիվ գրքեր ստեղծել: Խաղ-գրքերը ևս եզակի են: Բնական նյութերից պատրաստված գունագեղ գրքերը ոչ միայն ժամանցային են, այլ նաև ուսուցողական՝ 0-6 տարեկան երեխաների համար: Ռիման սիրում է նաև թղթե խաղալիքներ պատրաստել:

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

Երիտասարդ արվեստագետի համար զարդերի պատրաստումը խնդիր չէ ՝ երևակայություն ու  ծով համբերություն ունի, իսկ զարդի համար նյութը՝ քարը, բնությունն է շռայլում: