Վարկի տակ մնացել, տունս եմ վաճառել. գյուղացին չգիտի՝ ինչ տոկոսներ էին գումարվել իր վարկին

ՀՀ կառավարությունը հուլիսին որոշում կայացրեց ներել գյուղացիական վարկերի տույժ–տուգանքներն ու գյուղացուն հնարավորություն տալ մարել միայն մայր գումարը։ Գյուղացին որոշումից գոհ է, բայց չի հասկանում` ինչպես է, որ մի քանի տարի վճարել է, բայց մայր գումարը մնացել է նույնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Նելլի Դանիելյան. Վարկի տակ եմ մնացել, տունս վաճառել եմ, հիմա տղայիս տանն եմ ապրում։ Գյուղացիական վարկի մասին մեր հարցին ի պատասխան Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ Քյարամ Գիլոյանը հիշում է կորցրած տունն ու ավելացնում. «Հիմա ստիպված տղայիս տանն եմ ապրում»։

Վարկի տակ մնացել, տունս եմ վաճառել. գյուղացին չգիտի՝ ինչ տոկոսներ էին գումարվել իր վարկին

Թե ինչպես էր 10 000 դոլարի վարկը մի քանի տարվա մեջ այնքան ավելացել, որ իրենք չկարողացան մարել, գյուղացին այսօր էլ դեռ չի հասկանում։

Վերահսկողական ծառայությունը Ռանչպար չի հասել. գյուղապետը վստահ է` գնան էլ, ոչինչ չեն գտնի
«Ասում էին՝ 8 տոկոսանոց վարկ է, բայց բարձրացել էր, դարձել 24 տոկոս։ Ես թվաբանությունից այնքան լավ չեմ, որ հասկանամ, թե ինչպես էին հաշվում»,– ասաց նա` հավելելով, որ այդ վարկը «Արդշինինվեստ» բանկից էր ստացել։
Եվ 3 500 դոլարի գյուղատնտեսական վարկ էլ մի քանի տարի առաջ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից է վերցրել` կարտոֆիլի սերմացու գնելու ու բերքը վաճառելուց հետո պարտքը վճարելու հույսով, բայց եղանակը ավերել է և՛ բերքը, և՛ հույսը։
«Այդ 3.5 հազարի վրա 9000 դոլարի տոկոս ու տուգանք էր ավելացել։ Էլի գոհ ենք՝ մեր կառավարությունն ու վարչապետը տուգանքներն ու տոկոսները հեչ արեց։ Հիմա մնում է այդ 3.5 հազար մայր գումարը վերադարձնենք»,– ասաց նա։

Քյարամ Գիլոյանի` իշխանությանն հասցեին արված գովասանքը նրա կինը` Թամար Գիլոյանն այնքան էլ չի ողջունում։

Ամուսնու խոսքն ընդմիջելով՝ նա պատմեց, որ 3 տարի շարունակ անձամբ է ամեն ամիս պարտաճանաչ կատարել բանկի վճարումները։ Բայց երբ մի օր բանկում հարցրել է, թե որքան է նվազել իրենց պարտքը, պարզել է, որ այն ոչ մի դրամով չի նվազել։

«Ասեցին` ինչքան որ մուծել ես, գնացել է տոկոսներին, վարկի գումարը ինչքան որ 3 տարի առաջ կար, այնքան էլ մնացել է»,– ասաց Թամար Գիլոյանը։

Վարկի տակ մնացել, տունս եմ վաճառել. գյուղացին չգիտի՝ ինչ տոկոսներ էին գումարվել իր վարկին

Ի դեպ, կառավարության վերջին նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ բանկերը առավելագույնը 24 տոկոս տոկոսադրույքով են վարկեր տրամադրում` դրանում ներառելով բոլոր լրացուցիչ գանձվող գումարներն ու միջնորդավճարները։

Ռանչպարի «նիսյայի» տետրն ու վարչապետի այցի առեղծվածը. գյուղում զարմացած են`ինչո՞ւ Ռանչպարը
Գյուղացիական վարկերի համար, որպես կանոն, բանկերն ավելի ցածր` արտոնյալ տոկոսադրույքներ են սահմանում։ Բայց փաստ է, որ անգամ այդ արտոնյալ վարկերի պատճառով հայ գյուղացին տարիներ շարունակ աշխատած վերջին գումարները վճարում է բանկին կամ վաճառում տունը, քանի դեռ այն աճուրդով չեն վաճառել ու իրեն թողել փողոցում։

Թե իրականում Հայաստանյան գյուղերում քանի գյուղացի է ապրում վարկի ծանր բեռի տակ, ու կառավարության նախաձեռնած տույժերի ու տուգանքների ներման գործընթացը որքանով է թեթևացրել գյուղացիների հոգսը, պաշտոնական վիճակագրություն այս պահին գոյություն չունի։ Sputnik Արմենիայի հարցին, թե ի վերջո այս գործընթացի արդյունքում քանի վարկային պայմանագիր է վերանայվել, ինչ գումար է ներվել վարկառուներին, ո՛չ Կենտրոնական բանկում, ո՛չ էլ գյուղնախարարությունում չպատասխանեցին` ասելով, որ այդ վիճակագրությունը կթարմացվի միայն մեկ ամսից` ապրիլի վերջին։

Իսկ այս պահին ամենաթարմ տվյալները 2018թ–ի դեկտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշներն են։

Դրանց համաձայն՝ Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել 14 963 վարկառուի: