ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն այսօր՝ մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Այս համատեքստում, կողմերը կարևորել են ոչ միայն պաշտոնական, այլ նաև նման ոչ ֆորմալ հանդիպումների հաճախակի անցկացումը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում:
Մինչ վրաց գործընկերոջ հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է:
Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի փոխարեն հասցնել 250 հազարի: Նախատեսվում է մինչ 2025 թվականը ներգրավել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ` ընդլայնելով զբոսաշրջային հանգրվանների թիվը, ստեղծելով նոր աշխատատեղեր:
Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Ենոքավանում զբոսաշրջային ոլորտի շրջանառությունը կազմել է 1,5 միլիոն դոլար. 2025–ին ակնկալվում է այդ թիվը հասցնել գրեթե 13 մլն դոլարի:
Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ քայլեր են իրականացվում Ենոքավանի հողօգտագործման գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը ողջունել և կարևորել է ռազմավարության իրականացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի և ներդրումային նախագծերի իրականացման հետագա քայլերին:
Ենոքավանում ՀՀ վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: