«Սանիթեքը» պետք է հասկանա` կա՛մ պետք է լավ աշխատի, կա՛մ դուրս մղվի դաշտից. Փաշինյան

ՀՀ վարչապետը կարծում է, որ մինչև երկրորդ օպերատորի հայտնվելը չպետք է «Սանիթեքին» դուրս մղել դաշտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. «Սանիթեքը» պետք է հասկանա` կա՛մ պետք է լավ աշխատի, կա՛մ դուրս մղվի դաշտից։ Այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ի սկզբանե եկել էր Սոս Սարգսյանի անվան թատրոնի հիմնարկեքին մասնակցելու, բայց, տեսնելով շինհրապարակում կուտակված աղբը, «անցավ գործի»։

«Ենթադրենք` այս պահին ասացինք` «Սանիթեք», վերջ տուր, դու այլևս չես աշխատում, դրանից աղբը քչանալո՞ւ է քաղաքում, թե՞ շատանալու։ Իհարկե, շատանալու է, քանի որ չկա երկրորդ օպերատորը։ Պետք է «Սանիթեքի» համար մրցակցության հնարավորություն էլ ստեղծենք»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այսօր, ճիշտ է, «Սանիթեքը» մենաշնորհ ունի, սակայն մինչև երկրորդ օպերատորի հայտնվելը` չպետք է նրան դուրս մղել դաշտից։

Մեկ օրում Հայաստանում 6 աղբանոց և 447 աղբակույտ կփակեն. նախարարը կմասնակցի շաբաթօրյակին

Փաշինյանը, խոսելով աղբի վերամշակման մասին, նշեց, որ նախ մեր ռեսուրսները պետք է հետազոտվեն։ Վարչապետի խոսքով` պետք է հասկանալ` մեզ աղբի վերամշակման գործարա՞ն է պետք, թե բիոէներգետիկայի վրա պետք է շեշտը դնել։ Այսինքն` ըստ Փաշինյանի` մասնագետները պետք է ուսումնասիրեն ու հասկանան անելիքը։

Այսօր` մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է անցկացվում։

Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։