ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik.Sputnik-ի տեղեկություններով` Լոռու մարզի Շենավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել գյուղի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հայրն ու եղբայրը, իսկ երրորդ անձը նրանց ազգականն է։
Գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է եղել, որն էլ ուղեկցվել է կրակոցներով։
Իրավապահները Շենավանում հայտնաբերել են պարկուճներ։
Ամենայն հավանականությամբ, դրանք ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ են։
Հիշեցնենք` այսօր Շենավանում երեք տղամարդ են տեղափոխվել հիվանդանոցներ Երկուսը հոսպիտալացվել են Վանաձորի, իսկ մեկը` Սպիտակի բժշկական կենտրոնում։
Նրանց վնասվածքները հրազենային են, որոնք ստացել են Շենավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով։
Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Անդրանիկ Դունամալյանը։
Մեր տեղեկություններով՝ Շենավանի գյուղապետի հոր՝ 53-ամյա Հայկ Դունամալյանի գլուխն է վնասվել, նրան այս պահին վիրահատում են, իսկ եղբայրը՝ 22-ամյա Արմեն Դունամալյանը, վնասվածքներ է ստացել դաստակի հատվածում:
Նրանց ազգական, 31-ամյա Իշխան Դունամալյանն էլ վնասվածքներ ունի մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ գլխին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցելով այլ իրավապահ կառույցների աշխատակիցների հետ, պարզում են կատարվածի հանգամանքներն ու դեպքի մասնակիցների շրջանակը: