ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik.Sputnik Արմենիային մանրամասներ են հայտնի դարձել երեկ Նուբարաշենում տեղի ունեցած ինքնասպանությունից:
Որսորդական հրացանով իր գլխին կրակած տղամարդը մի քանի օր առաջ էր դարձել 49 տարեկան: Նա ապրում էր մոր հետ: Նախքան ինքնասպան լինելը մորը խնդրել է, որ խանութ գնա: Մայրը խանութից վերադարձել է ու որդուն հատակին ընկած տեսել: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնցից մեկն էլ ահազանգել է ոստիկանություն:
Տղամարդը հրացանը գնել էր որսորդական խանութից մի քանի օր առաջ: Թույլտվություն էլ ունեցել է:
Մեր տեղեկություններով՝ դեպքի օրը օղի է խմել: Որոշ ժամանակ առաջ տեղեկացել է, որ իր մոտ ծանր հիվանդություն է ախտորոշվել:
Չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն է դրդել նրան այդ ծայրահեղ քայլին դիմել:
Հիշեցնենք` մարտի 22-ին, ժամը 18:30-ի սահմանում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11-րդ փողոցի 20-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք: