ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստան–Բոսնիա և Հերցեգովինա խաղում բացահայտ ֆավորիտը մրցակիցն է, ու շատ հարցերի պատասխաններ կստանանք միայն խաղի ավարտից հետո:
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց Football365.am կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Բուռնուչյանը։
Հայաստանի հավաքականի խաղի մասին կոնկրետ միտք արտահայտելը մինչև բոսնիացիների հետ խաղը դժվար է: Բոլոր ֆուտբոլիստներին էլ լավ ճանաչում ենք, ու այն, որ նրանք այս խաղում էլ կփորձեն իրենց մաքսիմալ հնարավորություններով հանդես գալ, կասկած չի հարուցում: Սակայն ինչ հնարավորություններ ունեն մեր հավաքականի տղաները այս խաղում: Այ սա է գլխավոր հարցը, որի պատասխանը կտա խաղը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել բոլորին, ովքեր լավ մարզավիճակում են, գուցե մեկ կամ երկու վերապահումներով, բայց սա էլ արդեն զուտ մարզչական գործոնն է: Համենայնդեպս մեր ընտրանու մարզչական կազմը ընտրության հարուստ հնարավորություն չունի: Դարպասապահի հարցում հերթական անգամ խնդիր կա, քանի որ հրավիրված բոլոր դարպասապահներն էլ խաղային պրակտիկայի խնդիր ունեն:
Գևորգ Բուռնուչյանի կարծիքով` հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դարպասը վստահելու է Հենրի Ավագյանին։ «Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» դարպասապահը մեր առաջնության վերջին խաղում վատ տպավորություն չթողեց: Կարծում եմ, որ հենց նա էլ տեղ կգտնի դարպասում: Այս պահին վերջնական ցուցակում տեղ գտած բոլոր դարպասապահներն էլ հավասար մակարդակում են, իսկ Ավագյանն առաջին անգամ չէ, որ արժանանում է մարզչի վստահությանը»,– ասում է նա:
Սարաևո մեկնելու առաջ պարզ դարձավ, որ վնասվածք ունի Արսեն Բեգլարյանը, ու թիմի հետ մրցավայր մեկնեցին Հենրի Ավագյանը, Արամ Հայրապետյանն ու Գրիգոր Մելիքսեթյանը:
Պաշտպանությունում, ըստ մեր զրուցակցի, հավաքականը կխաղա կենտրոնական երկու պաշտպաններով, չնայած Բուռնուչյանը կարծում է, որ ավելի լավ կլիներ, եթե խաղայինք երեք կենտրոնականներով: Համենայնդեպս, եթե կենտրոնում երկու պաշտպան է գործելու, ապա այստեղ մրցակցությունից դուրս է Վարազդատ Հարոյան-Անդրե Կալիզիր զույգը: Համենայնդեպս հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում սա լավագույն տարբերակն է:
Մեկնարկային կազմում ամենայն հավանականությամբ տեղ կգտնի Կամո Հովհաննիսյանը, որը հայտնի է իր աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ, բացի դրանից, խաղային պրակտիկայի խնդիր չունի: Մարկոս Պիզելիի բացակայության պայմաններում մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը թվում է, թե տեղ կգտնի ենթահարձակվողի դիրքում: Ու եթե այդպես լինի, ապա կունենանք հենակետային երկու կիսապաշտպաններ:
Ստացվում է, որ մեր հավաքականը գործելու է 4-2-3-1 մարտավարությամբ, ինչը արտագնա խաղի համար ավելի նախընտրելի է թվում:
Կիսապաշտպանության կենտրոնում Գյուլբուդաղյանցը կարող է օգտագործել Արտակ Գրիգորյանին ու Կառլեն Մկրտչյանին, չնայած մարզիչը, իհարկե, կարող է նաև այլ ընտրություն անել:
Հարձակման եզրերում՝ աջից Սարգիս Ադամյանի թեկնածությունը քննարկման առարկա չէ, իսկ ձախից հավանական է թվում Գևորգ Ղազարյանի մասնակցությունը, չնայած մեր փորձառու ֆուտբոլիստը լավ մարզավիճակում չէ:
Իսկ ո՞վ կլինի մաքուր հարձակվողը: Արդեն պարզ է, որ Յուրա Մովսիսյանը հանդիպմանը չի մասնակցելու, և պատճառը կրկին խաղային պրակտիկայի բացակայությունն է: Ուրեմն կա՛մ Ալեքսանդր Կարապետյան, կա՛մ Տիգրան Բարսեղյան:
Ստացվում է, որ մեզ համար հայտնի ֆուտբոլիստներով անհայտ հնարավորությունների թիմ է մեր հավաքականը: Եվ թե ինչ վիճակում է մեր թիմային խաղը, բնականաբար, կտեսնենք հանդիպման ընթացքում: Գլխավոր մարզիչը հայտարարել է. «Միշտ չէ, որ հաղթում է ֆավորիտը: Մենք մեր կարգապահ ու նվիրված խաղում պետք է փորձենք հասնել մեր նպատակին: Հաճախ հաղթում է նա, ով շատ չի սխալվում և օգտագործում է իր հնարավորությունները»:
Այսպիսով շատ լավ կլինի, որ մենք չսխալվենք ու օգտագործենք մեր հնարավորությունները:
Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները` նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ: