ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ալյումինի և պղնձի գներն առաջիկայում կարող են մնալ բարձր մակարդակում, գրում է Business Standard պարբերականը։
Համաշխարհային բորսաներում այդ մետաղներն արդեն թանկացել են այն բանից հետո, երբ երեքշաբթի Չինաստանը հայտարարեց, որ ապրիլից կնվազեցնի արդյունաբերական ապրանքների ԱԱՀ–ն։
Ուստի չինական գործարանները և ֆաբրիկաները կարող են ընդլայնել արտադրությունը։ Նշանակում է` կմեծանա նաև գունավոր մետաղների պահանջարկը, նշում են փորձագետները։
Ավելի վաղ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել էր, որ հարկերի նվազեցումը կլինի տնտեսական աճի դանդաղեցման դեմ պայքարի գլխավոր միջոցը։
Նշենք, որ պղնձի խտանյութի զգալի մասը Հայաստանից առաքվում է Բուլղարիա, որտեղ վերամշակվում է գերմանական Aurubis ընկերության գործարանում։
Չզտված պղնձի մի մասը Հայաստանից առաքվում է Չինաստան։ Նախորդ տարիներին Չինաստանի բաժինն ավելի շատ է եղել, 2018թ–ին այն կազմել է 20 տոկոսից քիչ։ Այնուամենայնիվ, խտանյութի որոշակի մաս կարող է Չինաստան հասնել թրեյդերների միջոցով, որոնք գնում են այն Վրաստանում։
Հայաստանն արտահանում է նաև փայլաթիթեղ։ Այն ռուսական ալյումինից արտադրում է ռուսական կապիտալով գործող «Ռուսալ–Արմենալ» ընկերությունը։ Հայաստանից փայլաթիթեղ դեպի Չինաստան չի առաքվում (հիմնականում գնում է ԱՄՆ և Արևմտյան Եվրոպա)։
Այսպես թե այնպես, Չինաստանը մնում է աշխարհում ալյումինի և պղնձի խոշորագույն սպառողը։ Եվ եթե այստեղ պահանջարկն աճում է, ապա ամբողջ աշխարհում գներն աճում են։
Ճիշտ է, վերջին տարիներին Չինաստանը սահմանափակում է այլ երկրների մետաղի ջարդոնի ներկրումը, որպեսզի կրճատի արդյունաբերական արտանետումները մթնոլորտ։
Նշենք, որ 2018թ–ին պղնձի խտանյութը կազմել է Հայաստանի արտահանման ավելի քան 20 տոկոսը, չզտված պղինձը` մոտ 2,5 տոկոս, իսկ ալյումինը` մոտ 4 տոկոս։