Արարատ Միրզոյանը կնոջ և երեխաների հետ մասնակցեց շաբաթօրյակին

Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին նաև պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորները, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մասնակցել են մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանը կնոջ և երեխաների հետ մասնակցեց շաբաթօրյակին

ԱԺ ներկայացուցիչները մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ և ծառատունկ են իրականացրել մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում:

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը նախաձեռնությանը մասնակցել է ընտանիքով՝ կնոջ և երեխաների հետ: ԱԺ նախագահի խոսքով՝ իր համար օրն առավել քան տոնական է եղել ու սպասված:

«Հանրային տարածքը ևս պետք է դիտարկել որպես տուն և վերաբերվել նույնքան խնամքով ու հոգատարությամբ»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը:

Միջոցառմանը մասնակցած պատգամավորները հույս են հայտնել, որ նմանօրինակ շաբաթօրյակները կլինեն հաճախակի՝ արմատավորելով նոր մշակույթ՝ հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝ ԱԺ ներկայացուցիչներն Օղակաձև զբոսայգում օրվա ընթացքում տնկել են հացենիների, բարդիների և դեկորատիվ այլ տեսակների շուրջ 60 շիվ: