ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի տարբեր ծայրերից ավելի քան 250 ռեստորանատերեր կհավաքվեն Երևանում` Հայկական ռեստորանների միության հիմնադիր ժողովին մասնակցելու համար, որն առաջին անգամ է անցկացվում մեր երկրում ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։
«Սա առաջին ժողովն է, որին աննախադեպ թվով ռեստորանատերեր կհավաքեն` ոլորտի 250-300 ներկայացուցիչ», – ասաց Բարսեղյանը։
Նրա կարծիքով` մասնակիցների թիվը ցույց է տալիս ոլորտի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն ու առկա խնդիրները լուծելու ցանկությունը։
Միջոցառման շրջանակում կհաստատվի Ռեստորանների հայկական միության ղեկավար կազմը, որում ընդգրկվեն ոլորտի առավել ակտիվ մասնակիցները` մինչև 25 մարդ։
«Փաստացի կազմն արդեն որոշվել է, միջոցառման ժամանակ պաշտոնապես կհաստատվի և կներկայացվի», –ասաց Բարսեղյանը։
Նա նշեց, որ ղեկավար կազմը կանոնավոր հանդիպումներ է անցկացնելու և քննարկելու է առաջացող խնդիրները։
Հանդիպման մասնակիցները հնարավորություն կստանան ոչ միայն քննարկելու խնդիրները, օրինակ` հարկերի հետ կապված հարցերը, հակածխախոտային օրինագիծը, այլև լուծումների սեփական տարբերակներ կառաջարկեն։
Բացի դրանից, նրանք կուսումնասիրեն բիզնեսի և պետության համագործակցության հնարավորություններն ու ուղիները։
Նշենք, որ Հայկական ռեստորանների միությունը ստեղծվել է 1.5 տարի առաջ։